Իրանը, Թուրքիան, Ռուսաստանը` Արևմուտքին դեմ առ դեմ

0
2


Իրանը, Թուրքիան, Ռուսաստանը` Արևմուտքին դեմ առ դեմ

06.04.2018 | 01:39

Էրդողանը, Պուտինն ու Ռոհանին հանդիպեցին Անկարայում չորեքշաբթի օրը, որ խոսեն Սիրիայի մասին, որտեղ գործում են իբրև խաղի տերեր: Սիրիայի տարածքի վերաբերյալ նպատակային պայմանավորվածություններից բացի` արևելյան երեք երկրները ամրապնդեցին իրենց հարաբերությունները այն պահին, երբ նրանցից յուրաքանչյուրը զգալի լարվածության մեջ է Արևմուտքի հետ` գրում է Խալա Կոդմանին Liberation-ում: Անկարայի նախագահական պալատում 3 նախագահները` ըստ հրապարակված կոմյունիկեի` կողմ են «երկարատև հրադադարի»:

Տեղում իրենց վերջին հաղթանակների հիմքի վրա 3 նախագահները ձգտում են իրականացնել իրենց առավելությունները: Ռուսաստանի ու Իրանի ուղղակի ռազմական աջակցությունը հնարավորություն տվեց Բաշար Ասադին նորից վերահսկողություն հաստատել Արևելյան Գուտայի ապստամբ անկլավի վրա` Դամասկոսի մերձակայքում: Թուրքիան հաջողությամբ իրականացրեց Աֆրինի գործողությունը` իր սահմանից հետ նետելով Դեմոկրատական միության սիրիացի քրդերին: Ի հավելումն Անկարայի հիանալի օրակարգի` Դոնալդ Թրամփը երեքշաբթի հայտարարեց, որ ցանկանում է դուրս բերել ամերիկյան զինծառայողներին Սիրիայից: ԱՄՆ-ի դուրս գալը, որ մի քանի ժամ անց վերանայվեց, բոլորովին ազատ էր արձակելու Թուրքիայի, Ռուսաստանի ու Իրանի ձեռքերը: Սիրիական դոսիեից բացի, Անկարայի հանդիպումը նախագահների համար առիթ էր միասնական ճակատով հանդես գալու Արևմուտքի առաջ մյուս հարցերում: Սկրիպալի գործով Թուրքիան համերաշխ է Ռուսաստանի հետ: Եվրոպական երկրներից ռուս դիվանագետների արտաքսման հաջորդ օրը Էրդողանը հայտարարեց. «Մենք մտադիր չենք համանման միջոցներ ձեռնարկել, քանի որ որոշ երկրներ այդ միջոցները ձեռնարկել են չստուգված հիմնավորումներով»: Պուտինն աջակցեց Սիրիայի հյուսիսի քրդական շրջաններում թուրքերի միջամտությանը:.
Խալա ԿՈԴՄԱՆԻ, Libération

Հ.Գ. Սիրիական ճգնաժամի քննարկման օրակարգով Անկարայում եռակողմ հանդիպման արդյունքում Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի նախագահները համատեղ հայտարարություն արեցին` ընդգծելով «ամուր և անսասան հավատարմությունը Սիրիայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը»: Դա, իհարկե: մի քիչ տարօրինակ էր հնչում Էրդողանի պարագայում, որ ոչ միայն Սիրիայի տարածքում պատերազմում է քրդերի դեմ, այլև պահանջում է Բաշար Ասադի գահընկեցությունը: Այնուամենայնիվ` 3 նախագահները ՄԱԿ-ի անդամ պետություններին և միջազգային կազմակերպություններին կոչ են անում մեծացնել Սիրիային հատկացվող հումանիտար օգնությունը: Էրդողանը նաև ասաց, որ պայմանավորվել են համատեղ ուժերով դաշտային հոսպիտալ կառուցել Արևելյան Գուտայում:

Նրանք հաճույքով արձանագրում են, որ Աստանայի գործընթացը միակ նախաձեռնությունն է, որի շնորհիվ հաջողվել է նվազեցնել լարվածությունը Սիրիայում, որտեղ 350 000 մարդու կյանք խլած պատերազմը շարունակվում է 7 տարի, և համոզված են, որ պատերազմը լուծման տարբերակ չէ, հակամարտությունը պետք է կարգավորվի քաղաքական գործընթացների ու բանակցությունների ճանապարհով: Պուտինը, Ռոհանին և Էրդողանն իրենց աջակցությունն են հայտնել Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստաֆան դե Միստուրային և պայմանավորվել հաջորդ եռակողմ գագաթնաժողովն անցկացնել Իրանում: «Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը թույլ չեն տա տարածքային բաժանումներ Սիրիայում»` հայտարարել է Իրանի նախագահը: Ռոհանիի խոսքով՝ Սիրիայի հակառակորդները փորձում էին երկիրը մասերի բաժանել, սակայն դա նրանց չհաջողվեց: «Մենք դա թույլ չենք տա»,- ընդգծեց նա` մեղադրանքներ հնչեցնելով ԱՄՆ-ի ու Իսրայելի հասցեին, որոնք ցանկանում էին, որ «Սիրիան կառավարեն ահաբեկիչները»: «Մենք պայմանավորվել ենք ընդլայնել Սիրիայում եռակողմ փոխգործակցության ողջ համակարգը, առաջին հերթին Աստանայի ձևաչափի շրջանակներում, որը մեկ անգամ չէ, որ ապացուցել է իր արդյունավետությունը:

Հենց երաշխավոր երկրների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի համագործակցության շնորհիվ է Սիրիայում բռնությունների մակարդակը կտրուկ նվազել»` ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Թրամփի որոշումը փոխվելուց հետո եռակողմ փոխգործակցությունը Սիրիայում վաղ թե ուշ վերածվելու է ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի հետ առճակատման, եթե փոփոխություններ չլինեն:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ





Source link