«Ազատության ջահից» նեղսրտեցին խորհրդարանում մնացած ելքականները

0
9


«Ազատության ջահից» նեղսրտեցին խորհրդարանում մնացած ելքականները

11.04.2018 | 15:15

Մինչ «Ելքի» փաշինյանական թևը ԱԺ ամբիոնում «ազատության ջահն» է վառում ու գունավոր ծխով պարուրում ողջ դահլիճը, «Ելքի» մյուս թևն ավելի է դրանից կատաղում, քան, ասենք, ՀՀԿ-ականները: «Ազատության ջահը» վառելուց հետո նիստը վարող Էդուարդ Շարմազանովը միայն հանգիստ տոնով արձագանքեց. «Շոուն չստացվեց»: Իսկ Գևորգ Գորգիսյանը միանգամից թաշկինակը դրեց քթին ու ասաց, թե հոտերի հանդեպ զգայուն է, Մանե Թանդիլյանն էլ հավելեց, որ փողոցում պայքարող իրենց գործընկերների մասին կխոսեն ապրիլի 18-ից հետո: Այսինքն, ճիշտ այն ժամանակ, երբ բանը բանից անցել է, իմա՝ Սերժ Սարգսյանը վարչապետ է ընտրվել, իսկ Փաշինյանի պայքարը չի հաջողվել:

Իսկ այն, որ այս սցենարը խիստ կանխատեսելի է, երևի թե ոչ մեկը չի կասկածում, անգամ փողոցում պայքարողները: Եթե իշխանությունը տարիներ առաջ էր գծել այս սցենարը, հանգամանորեն մշակել, ընդդիմության 14 օրվա պայքարը, այն էլ մարտավարության աղոտ պատկերով, ինչ կտա գործընթացին: ՈՒ հիմա Էդմոն Մարուքյանի թևի նման դիրքորոշումը նշանակում է մեկ բան՝ թող ամեն ինչ ավարտվի, մենք կասենք, տեսար Նիկոլ, դու սխալ էիր: Առանց ասելու էլ այս ամենը հասկանալի է, նրանց այսօրվա պահվածքից: Մնում է այդ ամենին գեղեցիկ ձևակերպում տալ, հիմնավորումներ, կարելի է նաև՝ մեկ անգամ էլ Մարուքյանը հոդված գրի:

Ցավալին այն է, որ հերթական «ընտրություն» կոչվածից կրկին ավելի ուժեղացած է դուրս գալու իշխանությունը, իսկ ընդդիմությունը՝ նորից պարտված: Կասկածից վեր է անգամ, որ «Ելքն» արդեն մեկ ամբողջական միավոր չի լինելու: Պատմությունը կրկնվում է: Նախորդ խորհրդարանում էլ երբեմնի հզոր հանրահավաքների «հեղինակ» ՀԱԿ-ը մասերի, ավելի ճիշտ, ատոմների բաժանվեց ու այսօր խորհրդարանում չէ: Այդ ուժի անդամներից միայն մեկին բախտ վիճակվեց նորից մտնել խորհրդարան: Նիկոլ Փաշինյանին: Հիմա նույն պայքարն է, հաջորդ խորհրդարանում իր տեղն ամրագրելու համար, բայց մարուքյանական թևն էլ կարծես չի ուզում, որ իշխանությունը միայն Փաշինյանի հարցում պլաններ կազմի:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ





Source link